
Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 37 անձ։
Ըստ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում ստացված տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին մի խումբ անձինք հավաքվել են Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ և ներսում՝ խոչընդոտելու հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների գործողությունները։
Հավաքվածները, ըստ քննության տվյալների, կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի մուտքերը, վնասել են ոստիկանության ծառայողական ավտոմեքենան, համայնքապետարանի գույքը, ինչպես նաև բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ՝ նրանց ուղղությամբ նետելով կրակայրիչներ և շշեր։
Նրանցից 19-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու (ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մաս) և արդարադատությանը միջամտելու (486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) հատկանիշներով։ Մյուս 10-ի նկատմամբ հետապնդում է հարուցվել արդարադատությանը միջամտելու և զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելու (46-327-րդ հոդված) հատկանիշներով։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքապետարանի մոտ ժամեր շարունակ լարված իրավիճակ էր։ Մի քանի անգամ հրմշտոց և ծեծկռտուք էր տեղի ունեցել ոստիկանների և հավաքված գյումրեցիների քաղաքացիների միջև։ Ոստիկանները կիրառել էին նաև բիրտ ուժ։
Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պնդել էր, որ ոստիկանությունը կիրառել է ոչ թե բիրտ, այլ համարժեք ուժ՝ իրավիճակը վերահսկելու նպատակով։