Հայաստանում նոր ջրամբարներ կկառուցվեն․ ջրի սակագինը կարող է թանկանալ
Հայաստանի կառավարությունը միանգամից հինգ ջրամբարաշինական նախագիծ է հաստատել՝ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում։ Այս նախաձեռնությունը, ըստ իշխանությունների, բացատրվում է կլիմայի փոփոխություններով, ջրի պաշարների նվազմամբ և գյուղատնտեսության համար ջրի կարիքների աճով։ Նոր ջրամբարների կառուցումն ու հների վերակառուցումը կարող է նշանակել, որ առաջիկա տարիներին կանխատեսվում է խմելու և ոռոգման ջրի պակաս։
Ջրամբարների շինարարությունը ներառում է Քասախ, Ելփին, Աստղաձոր, Լիճք ջրամբարների կառուցում և Արթիկի ջրամբարի վերակառուցում։ Ծրագրերի իրականացմամբ ընդհանուր առմամբ կկուտակվի 18 մլն մ3 ջուր, շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 մլրդ դրամ, փաստացի ոռոգվող հողատարածքների ծավալը կկազմի 6175 հա, գյուղատնտեռսության մեջ ներգրավվելիք նոր ոռոգելի հողատարածքների թիվը՝ 1696 հա։ Նախագծերից կօգտվի շուրջ 40 բնակավայր, ուղղակի և անուղղակի շահառուների թիվը 700 հազար մարդ, տարեկան խնայվող գումարային էլեկտրաէներգիան՝ 3,8 մլն կՎտ/ժամ։
Սակայն այս փայլուն թվերի կողքին պետք է դնել նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ապագայում ջուրը կթանկանա։
Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի: Այդպիսի սցենար ընդհանրապես գոյություն չունի: Եվ հետևաբար, իմ ընկալումը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուրը կուտակել՝ ջուրը կուտակել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի։
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ երկրի խոշորագույն ջրամբարների լցվածությունը զգալիորեն նվազել է. Ախուրյան՝ 232 — 177 մլն մ³, Ապարան՝ 177 — 16,3 մլն մ³, Ազատ՝ 26,2 → 17,9 մլն մ³, Մարմարիկ՝ 363 → 185 մլն մ³։
Հարկ է նշել, որ այս պահին Հայաստանում կա շուրջ 80 մեծ ու փոքր ջրամբար։ Ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է։
