Հայաստանով տարանցիկ չվերթների թիվն ավելացել է, 2026-ից ավիաընկերություններին կտրամադրվի աջակցություն
Հայաստանով դեպի այլ երկրների տարանցիկ չվերթների թիվը զգալիորեն աճել է։ Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ, նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ավիացիան։ Նա հավելել է, որ «Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն է ավելացել», և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի սպասարկած չվերթների ճնշող մեծամասնության դեպքում օդանավերը պարզապես հատում են Հայաստանի օդային տարածքը՝ առանց վայրէջքի։
2026 թվականից նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղևորափոխադրում կկատարեն Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններից։ Նախարարը պարզաբանել է, որ ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում և նոր ուղղություններից ուղևորափոխադրում կիրականացնեն դեպի Երևանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններ՝ պայմանով, որ առնվազն 1 նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, ապա 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների տեղափոխումը դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կսուբսիդավորվի 20 հազար դրամ և դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամ։
Սակայն հարկ է նշել, որ 2019 թվականին Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության մասնագետները Քաղավիացիայի կոմիտեում այդ թվում թռիչքային անվտագությանն առնչվող գրեթե չորս տասնյակ խնդիրներ էին հայտնաբերել ու ուժեղացված վերահսկողություն սահմանել կոմիտեի նկատմամբ։ Ամիսներ անց արդեն՝ 2020-ին հայաստանյան ավիաընկերությունները ներառվեցին գործակալության ավիացիոն «սև ցուցակում»։ Եվրոպացի մասնագետներն արձանագրել էին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային անգամ նվազագույն չափորոշիչներին։
Մինչ այժմ Հայաստանը գտնվում է սև ցուցակում։
