
Դադարեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հայաստանի տարբեր մարզերում՝ Իջևանում, Վանաձորում, Վայոց ձորում ու Կապանում, կասեցրել են տարբեր Ա/Ձ-երի ու ընկերությունների ավտոլվացման 15 կետի գործունեություն։
ԲԸՏՄ-ն շարունակում է ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ 15 կետերի գործունեությունը կասեցվել է ջրահեռացման համակարգեր չունենալով պատճառով։ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ խախտումները շտկելու հիմքով 2 լվացման կետի կասեցումը վերացվել է։
Նոյեմբերի 28-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր մեքենաների լվացման կետերից մեկի՝ «Լվա ինքդ»-ի աշխատանքի մասին։ Նա պատմել էր, որ «այդ մեքենաները լվանալու համար օգտագործում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում, իմ դիտարկումները ցույց էին տալիս, այդ օրն էլ համոզվեցի, որ շատ դեպքերում «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք ջրի շիթերով, ակնհայտ է, որ ջրի շիթերը դուրս են գալիս դեպի մայթ։ Իմ բախտը բերեց, որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «մի րոպե, մի պզզացրեք, վարչապետն ա ստեով անցնում»։ Իհարկե, զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց է ծագում՝ եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, ինչո՞ւ պետք է քաղաքացին հեռվից նկատի, որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց»։
Վարչապետը այդ դեպքից հետո հանձնարարել էր, որ տեսչական մարմինները ստուգեն այդ խնդիրը։ Դեկտեմբերի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում և Վայոց ձորում արձանագրել են խախտումներ։ Կասեցվել էր 5 ավտոլվացման կետի գործունեություն։