Կենսաթոշակները չեն բարձրանա
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում հնարավոր չէ կենսաթոշակները լիարժեք բարձրացնել։ Նա շեշտեց, որ երկրի ֆիսկալ հնարավորությունները սահմանափակ են, և ավելորդ բեռը բյուջեի վրա կարող է բացասաբար ազդել ոչ միայն կենսաթոշակառուների, այլև ողջ հասարակության վրա։
Նախարարը նաև ընդգծեց, որ այս պահին 350 հազար քաղաքացի օգտվում է կենսաթոշակների հետվճարային ծրագրից, և հաջորդ տարի ծրագրի շահառուների թիվը կկազմի մոտ 410–420 հազար։ Միջին հետվճարը կավելանա 3-4 հազար դրամով, ինչը թույլ կտա հետվճարով կենսաթոշակներին մոտեցնել սպառողական զամբյուղի մոտ 90 տոկոսի մակարդակին՝ չնայած այն չի հասնի ամբողջ սպառողական զամբյուղին։
Արսեն Թորոսյանը հավելեց, որ հետվճարային ծրագիրը նաև խթան կլինի լրացուցիչ հարկերի հավաքագրման համար և կօգնի հնարավորինս շատ քաղաքացիների ընդգրկել սոցիալական աջակցման համակարգում։
Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2026 թվականին նախատեսվում է սահմանել 993 մլրդ 17 մլն դրամի չափով:
2025 թվականի առաջին կեսին Հայաստանում միջին կենսաթոշակը կազմել է 49 032 դրամ՝ մոտ 127 դոլար։ Սա գրեթե չի փոխվել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ 2024-ին այն 49 171 դրամ էր։ Անկումը կապված է այն բանի հետ, որ արտոնյալ պայմաններով թոշակ ստացողների թիվը նվազել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նվազագույն պարենային զամբյուղը 2025 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 44 152 դրամ (115 դոլար), իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 81 681 դրամ (210 դոլար)։ Այս երկու ցուցանիշներն էլ մեկ տարում աճել են մոտ 6%-ով։
Ստացվում է, որ միջին թոշակը մի փոքր գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղը, բայց զգալիորեն զիջում է նվազագույն սպառողականին։
