ԱրցախՍոցիալական

Փոփոխություններ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում

Կառավարությունն այսօր հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած փոփոխությունները Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։

Փոփոխությունների համաձայն՝ ծրագրի շահառուների քանակի պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այն ընտանիքի անդամների վրա, ովքեր դատարանի վճռով ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի մյուս անդամներին օգտվել պետական աջակցությունից։

Բացի այդ, այն անձինք, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու պահին լրացել է նրանց 18 տարին, կարող են ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք՝ առանց ընտանիքի միավորի կազմում լինելու պարտադիր պայմանին ենթարկվելու։

Փոփոխություններով նաև պարզեցվել է փաստաթղթերի ներկայացման գործընթացը․ միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը սահմանվել է մեկը (նախկին երկուսի փոխարեն), եթե դիմումը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։

2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որոնցից 1210-ը արդեն իրացրել է այն։