ՀայաստանՍոցիալական

Փոփոխություններ վարորդական իրավունքի քննությունների հետ կապված

Վարորդական իրավունքի քննությունների վերաբերյալ համացանցում բազմաթիվ քննարկումներ են լինում։ Տարբեր բաց և փակ խմբերում քաղաքացիները իրար օգնում են վարորդական իրավունքի վկայականներ ստանալ, ծանոթանում այս կամ այն քննական երթուղու դժվարություններին, փորձում տեսնել, թե տարբեր քննական ստորաբաժանումներում հերթը ուր է հասել։

Եթե մինչ այժմ վարորդները հնարավորություն չունեին տեսնելու, թե երբ են իրենք մոտենալու տեսական կամ գործնական քննության, ապա այժմ արդեն այդ հնարավորությունը ակտիվացել է։ Դրա համար նրանք պետք է մուտք գործեն Ճանապարհային ոստիկանության պաշտոնական կայք և հերթագրվելու կոճակի վրա սեղմելով հայտնվեն «Վարորդական վկայականի կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում» բաժնում։ Այստեղ արդեն իրենց տվյալները մուտքագրելով նրանք կարող են տեսնել, թե երբ են իրենց կանչելու քննության։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ։ Շրջանառվում են նաև նորություններ այն մասին, որ հետագայում քաղաքացիները իրենք կարող են ընտրել քննության օրը, ժամը և վայրը՝ վճարելով պետական տուրք։