
Կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի հանրային հեռուստաընկերությամբ
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Հանրային եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը չի հեռարձակվի, քանի որ հեռուստաընկերությունը նախատեսում է կաթողիկոսին եթեր տալ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21։55-ին։
Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները, — հայտարարել են Մայր Աթոռից։
Կաթողիկոսի ուղերձը կհեռարձակվի այլ հեռուստաընկերությունների կողմից՝ Ամանորի գիշերը։
Նշենք, որ 2023 թվականին նույն պատճառաբանությամբ Մայր Աթոռից թույլ չէին տվել Հանրային հեռուստաընկերությանը հեռարձակել կաթողիկոսի ուղերձը։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին։ Սակայն քանի որ օրենսդրությամբ հստակ սահմանափակումներ չկան, հեռուստաընկերությունները իրենք են որոշում ուղերձների հաջորդականությունը։