
Բավարարո՞ւմ են սպանդանոցները բնակչության պահանջներին
Հայաստանում 2020 թվականին ուժի մեջ մտավ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը, որը նպատակ ուներ բարելավել սննդի անվտանգության մակարդակը և նվազեցնել կենդանիների անօրինական մորթի դեպքերը և մսի ոչ հիգիենիկ պայմաններում իրականացվող մորթը: Այնուամենայնիվ օրենքը առաջացրեց դժգոհություն գյուղացիների շրջանում, որոնք հաճախ չունեն համապատասխան պայմաններ կենդանիների տեղափոխման և սպանդանոցների ծառայություններից օգտվելու համար։ AMNEWS-ի հետ զրույցում մարզային սպանդանոցներից մեկի տերը նշեց, որ մորթի արժեքը տատանվում է 3000-ից մինչև 15.000 դրամի սահմաններում:
Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է։

Չնայած այս տվյալներից երևում է, որ խոշոր եղջերավոր անասունների ամենաքիչ գլխաքանակը Երևանում է՝ քարտեզից կարելի է տեսնել, որ սպանդանոցները հիմնականում կենտրոնացված են Երևանում և հարակից շրջաններում։ Մյուս բոլոր սպանդանոցներն էլ կա՛մ տեղակայված են մարզկենտրոնների, խոշոր քաղաքների մեջ, կա՛մ էլ դրանց շրջակայքում։ Կառավարությունից էլ դեռ նախորդ տարի խոստովանել էին, որ երկրում սպանդանոցների թիվը 100-ի էլ չի հասնում, եղածների կեսն էլ չեն աշխատում։ Հարկ է նշել նաև, որ այդ սպանդանոցների մեջ շատ են նաև մասնավոր ձեռնարկությունները (մոտ 44), որոնք հասանելի չեն մյուս բնակիչներին։

Հենց այս բաշխվածությունն է նաև պատճառը, որ մի շարք բնակավայրերում դեռևս շարունակվում են ոչ սպանդանոցային մորթ իրականացնել։ Օրեր առաջ Գումի շուկայից Սննդամթրքի անվտանգության տեսչական մարմինը առգրավել և այրել էր շուրջ 1 տոննա միս։ Սա մեծ բողոքների պատճառ էր դարձել մսավաճառների շրջանում։ Ոչ սպանդանոցային միսը, առանց համապատասխան ստուգումներ անցնելու, միանգամից ուղարկել էին այրման։ Դիմադրություն ցույց տված 8 մսավաճառներն էլ 72 ժամով հայտնվել էին ոստիկանությունում։ Հետազոտության համար հենց հիմք ենք վերցրել նրանց կողմից արված հայտարարությունը այն մասին, որ սպանդանոցները երբեմն բնակարաններից շատ մեծ հեռավորությունների վրա են գտնվում։ Օրինակ՝ Մեղրիում սպանդանոցային մորթ իրականացնելու հնարավորություն չկա և բնակիչները պետք է հասնեն կա՛մ Կապան, կա՛մ Գորիս։ Այսինքն՝ սպանդանոցները չեն բավարարում հասարակության պահանջները։