
Առանց տոմսի կամ իրեն չպատկանող տոմսով երթևեկողները կտուգանվեն
Հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի կամ քաղաքացուն չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողներին։ Սրա մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Հսկիչը ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք և քաղաքացիներին կառաջարկի ցույց տալ իրենց տոմսի առկայությունը։
Ավինյանը վստահեցրեց՝ աշխատում են այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և այն խնդիրները, որոնք դեռևս համակարգում առկա են, վերացված լինեն։ Ըստ քաղաքապետի՝ ինչ–որ մի փուլում, երբ վստահ լինեն, որ այդ համակարգերը գործում են, բոլոր արտոնյալ խմբերն ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, կգործվի վերահսկման մեխանիզմ։
2025 թվականի հունվարի 1-ից նոր գնային համակարգ էր գործելու, սակայն փոփոխությունը կգործի փետրվարի 1-ից։
Չնայած գնային փոփոխության հետաձգմանը՝ 100 դրամանոցներով այլևս հնարավոր չի լինի վճարել։ Անցում կկատարվի ամբողջական էլեկտրոնային վճարման: