
Երկարաձգվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը
Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ որոշել է երկարացնել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը։ Այն երկարաձգվում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Կառավարությունը վերոնշյալ աջակցության ծրագիրը հաստատել էր 2024 թվականի մայիսի 16-ին։ Մեկ ամիս անց մեկնարկել էր բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Հուլիսի 15-ից էլ մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Օգոստոսի 1-ից էլ մեկնարկել էր գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Հայաստանում 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում է 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023 թվականի անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։
Ծրագրի շահառու են համարվում 2023 թվականին Արցախի հայաթափման հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիները, 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածները։ Վերջին տվյալներով՝ շուրջ 3300 ընտանիք օգտվել է 10-ական միլիոն դրամի աջակցությունից և անշարժ գույք է ձեռք բերել։