ՀայաստանՍոցիալական

Հայաստանին է վերադարձվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքի մի մասը

2024 թվականի հուլիսի 2-ի Հակակոռուպցիոն դատարանի վճռով ընդունվել է Գլխավոր դատախազության հայցը, ըստ որի՝ Հայաստանին է վերադարձվել 12,400 քմ մակերեսով հողամաս՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում: Դատախազության հաղորդմամբ՝ այդ տարածքը եղել է պետության իրավունքի ներքո, սակայն 2005 թվականին տեղի ունեցած առուվաճառքի համաձայնագրի արդյունքում փոխանցվել էր մասնավոր անձի:

Դատարանի վճռի հիման վրա՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային նշանակությամբ 730 միլիոն 462 հազար դրամ  կադաստրային արժեքով 12,400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Վ.Թ.-ի միջև 2005 թվականի օգոստոսի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: