«ՀայաՔվե»-ն հանցագործության հաղորդում է ներկայացրել վարչապետ Փաշինյանի նկատմամբ
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը հանցագործության հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ կապված Հովհաննավանքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կազմակերպության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը, վերազանցելով և չարաշահելով իր լիազորությունները, միջամտել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը։
Սա դրսևորվել է Վեհարանից կաթողիկոսին «ազատելու» մասին հրապարակային կոչերով և Հովհաննավանք այցելելու, եկեղեցու կողմից չարտոնված պատարագին ներկա գտնվելու կոչերով։ Ըստ էության՝ սա նշանակում է բռնություն գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ,- նշեց Չալաբյանը։
Նա հավելեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարվում է տուժող կողմ, քանի որ վանական համալիրը, ըստ նրանց, «բռնազավթվել է»։ Խախտվել են նաև հավատացյալների կրոնական զգացմունքներն ու իրավունքները։ Չալաբյանի պնդմամբ՝ այս արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ և 441-րդ հոդվածների պահանջներին՝ Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի խոչընդոտում և պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսին «Հայաքվե»-ն հանցագործության մասին ևս մեկ հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն՝ ապարդյուն։
