
Բաքուն Երևանին ժամանակ է տվել Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դին վերցնելու համար
2024 թվականի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մնացած հայերից մեկը՝ 70-ամյա Վերա Աղասյանը, մահացավ։ Որպես մահվան պատճառ նշվում էին առողջական խնդիրները։ Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։
Եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Վերա Աղասյանի դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանում։ Նրա մահվանից հետո ընտանիքը դիմել էր Կարմիր Խաչի միջազգաին կոմիտեին մարմինը տեղափոխելու խնդրանքով։ Տեղափոխությունը, սակայն, չէր կայացել։
Կինը 4 զավակ ունի, բոլորը Հայաստանում են։ Որդիներից մեկն ասել էր, որ մայրն իրենց չի լսել ու մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ անցած Ստեփանակերտում, ի դեպ, նրանց ազգականներից մեկը նույնպես Հայաստան չի եկել։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը խոսել էր կնոջ դին Հայաստան տեղափոխելու մասին։ Ստեփանյանը շեշտում է՝ Հայաստանում գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը պիտի պարզաբանի, թե ինչ է տեղի ունենում:
Ստեփանյանը կարծում է, որ «կողմերի միջև համաձայնություն պետք է կայանա, համապատասխան հանձնաժողովներ կան, ու այդ հանձնաժողովները գոնե տեղեկատվության փոխանակման հարցում միմյանց հետ շփում ունենում են: Այդ որոշումն այդ հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում պետք է կայացվի»։