ԱրցախՍոցիալական

Արցախից բռնի տեղահանված ևս 5500 անձ Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ Հայաստանի քաղաքացիություն է ստացել։ Սրա մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Միգրացիոն ծառայությունից նշել են, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված անձանցից Հայաստանի քաղաքացիության դիմում ներկայացրել է 6724 անձ, որից 5510-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն։

Այս վիճակագրության մեջ անչափահասները ներառված չեն։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։

Նոյեմբերի 28-ի տվյալներով՝ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6338 արցախցի, որից 4394 անձի տրվել է քաղաքացիություն։ 2023 թվականի սեպտեմբերից հետո, ըստ Միգրացիոն ծառայության Արցախից 115,365 մարդ է բռնի տեղահանվել։

Բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը ապրում է Կոտայքի մարզում (20,331 մարդ)։ Արցախցիներով բնակեցված երկրորդ ամենախոշոր մարզն Արարատն է (14 743), երրորդը՝ Արմավիրը (10,416):