
Մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը կբարեկարգվի
Մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը կբարեկարգվի: Սրա մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր: Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով:
Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ։
Երևանում կա 39 գետնանցում։ Ամենաշատ գետնանցումները Կենտրոնում են։ Այստեղ կա 15 ստորգետնյա անցում։ Չնայած քաղաքապետարանի հիմնանորոգման ծրագրերին, Երևանում դեռևս կան շատ գետնանցումներ, որոնք անմխիթար վիճակում են, առանց լուսավորության, մարդիկ վախենում են երեկոյան ժամերին անցնել դրանցով։
Երևանյան որոշ գետնանցումներում սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով մշտապես գարշահոտություն է տիրում։ Այսպիսի իրավիճակ էր, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող գետնանցումում` Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում։ Այս գետնանցումը վերանորոգելու մասին երկար տարիներ է, ինչ խոստումներ են տալիս, բայց այն դեռ անմխիթար վիճակում է։