
Վերջին 6 տարիներին Հայաստանից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով
Ընթացիկ տարվա առաջին վեց օրերի տվյալներով 2024 թվականի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով Հայաստան ժամանած ուղևորների թիվը աճել է 19.8 տոկոսով։ Սրա մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդհանուր առմամբ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է գրեթե նույնքան։ ԵՄ-ից ստացած տվյալներով 2018-ից ի վեր Հայաստանից դեպի ԵՄ օդային տրանսպորտով ուղևորահոսքը աճել է շուրջ 400 տոկոսով։
Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը այցելեց Երևան: Այս քայլը նպաստում է Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը՝ պարզեցնելով հայկական անձնագրերով քաղաքացիների մուտքը դեպի Շենգեն գոտի։
Եթե երկխոսության արդյունքում ԵՄ-ն որոշի ազատականացնել վիզայի ռեժիմը, ապա Հայաստանի քաղաքացիները կկարողանան մինչև 90 օր առանց վիզայի այցելել Շենգեն գոտի՝ զբոսաշրջության, ընտանեկան կամ գործնական կարճաժամկետ այցերի նպատակով:
Վիզաները կգործեն միայն զբոսաշրջության համար՝ կարճաժամկետ վիզաների տրամադրմամբ։ Մյուս տեսակի վիզաները կգործեն հին ընթացակարգով։
Վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերն են երկխոսության մեկնարկը, գործողությունների ծրագիրը, կատարողականի գնահատումը, վերջնական որոշումը։
Հիմնական պահանջները ներառում են սահմանների կառավարում, փաստաթղթերի անվտանգություն, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն: Այս պահանջների բարելավման համար ստեղծվել է Հայաստանի Եվրամիություն աշխատանքային խումբ։ Այն գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել մի քանի տարի։ Օրինակ, Վրաստանի դեպքում գործընթացը տևել է մոտ 5 տարի, Ուկրաինայի դեպքում՝ 9 տարի: