
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է վարորդներին աշխատանքի ընդունելու տեմպերից
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նոր վարորդների աշխատանքի ընդունելու տեմպերից։ Նա սրա մասին խոսեց քաղաքապետարանի հունվարի 13-ի գործակարգավարական նիստի ժամանակ։
«Երևանի ավտոբուսի» տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ այժմ վարորդի 225 թափուր հաստիք կա, իսկ վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 90 վարորդ:
Ի պատասխան Ավինյանն ասաց, որ ավտոբուսների նոր խմբաքանակը դեռ նախորդ տարվա նոյեմբերին է բերվել, և ՓԲԸ-ում կարող էին նախապես լուծել վարորդների հարցը: Կիրակոսյանը պարզաբանեց, թե հաստիքի հաստատմանը սպասում էին կառավարության որոշումից և ավտոբուսների մաքսազերծումից հետո:
Մենք հիմա գնում ենք տոմսային համակարգում էական փոփոխությունների, և այդ փոփոխությունները դժվար են, որովհետև համակարգն ամբողջապես փոխվում է։ Մենք ժողովրդին ասում ենք՝ նոր ավտոբուսներ ենք բերում, հին Hyundai-ները փոխում ենք, գազելները 2023 թվականի արդեն չկան, այս ամենն անում ենք, որ որակ բարձրացնենք, իսկ մարդիկ առաջին բանը, որ հունվարից տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ գծեր։ Եվ սա իրականում քաղաքապետարանի լուծելու խնդիրը չի եղել։ Հիմա՝ կառավարության որոշում է, հաստիքացուցակ է….հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից աշխատանքի ընդունեիք»,- ասել է քաղաքապետը՝ շեշտելով, որ նոյեմբերից ավտոբուսները եղել են, պարզ է եղել՝ հունվարից որ գծերն են փոխվելու և միաժամանակ եղել է հավաքագրման խնդիր։
Քաղաքապետը նշել է, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար հոգի կա։ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը: