
Երևանում մեկնարկել է տրանսպորտային քարտերի կիրառման գործընթացը. մանրամասներ և նոր կարգեր
Երևանի քաղաքապետարանը այսօր տեղի ունեցած գործակարգավարական նիստի ընթացքում մանրամասնել է տրանսպորտային քարտերի ձեռքբերման գործընթացը։ Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են Երևանի վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) կամ Telcell գրասենյակներում իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է այցելել անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում։
Արտոնություն չունեցող քաղաքացիներին տրանսպորտային քարտեր կօգնեն ձեռք բերել մետրոների աշխատակիցները։
Տրանսպորտային քարտը լիցքավորումից հետո կակտիվանա մինչև 3 ժամվա ընթացքում։ Դա կապված է ծրագրային թարմացումների, բոլոր վալիդատորներին քարտ ձեռք բերելու, տոմսային փաթեթը կցելու, տեղեկատվությունը փոխանցելու հետ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որր հավելյալ արտոնյալ խմբերի և արտոնությունների չափի վերաբերյալ առաջիկայում քննարկումներ կլինեն:
Մեր հիմնական նպատակը պետք է լինի արտոնությունների արդար բաշխումը, որպեսզի բոլոր այն անձինք, ովքեր իրապես ունեն արտոնության կարիք, օգտվեն այդ հնարավորությունից: Տոմսային միասնական համակարգը, այո՛, անցումային բարդ գործընթաց է, մասշտաբային գործընթաց է, և այս փուլում երևանցիների նույնիսկ այդ զայրույթի միջոցով աջակցությունը մենք նկատել ենք և էականորեն մեր հավաքագրումներն ավելացել են, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց նաև ներողություն հայցել տեխնիկական տարատեսակ խնդիրների հետ կապված, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում ենք,- ընդգծել է քաղաքապետը: