
Հայաստանի բնակֆոնդի թարմացմանն ուղղված հայեցակարգը ձեռնտու կլինի և՛ պետությանը, և՛ քաղաքացուն, և՛ կառուցապատողին
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է հանրապետության բնակարանային ֆոնդի թարմացմանը՝ նշելով, որ մշակման ավարտական փուլում է գտնվում բնակարանային ֆոնդի ռենովացիայի հայեցակարգը։
Վարդանյանը նշել է, որ այն թույլ կտա թարմացնել հանրապետության բնակարանային ֆոնդը։ Այն հնարավորություն կտա ստեղծել անվտանգ քաղաքաշինական միջավայր, ապահովել շինարարության ոլորտի շարունակական ակտիվություն։
Կոմիտեի նախագահը հավելել է, որ Հայաստանում առկա է 19 հազար բազմաբնակարան շենք։ Դրանց 60 տոկոսը կառուցվել է մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով։ Ըստ Վարդանյանի՝ դրանք եթե անգամ վթարային չեն, ապա հնամաշ են և այսօրվա չափանիշներին չեն համապատասխանում։
Ասուլիսում նախագահը պարզաբանել է, որ շատ հաճախ դիմումներ են ստանում, երբ քաղաքացիները ցանկանում են այսօրվա պահանջներին համապատասխան հատակագծային լուծումներ, օրինակ՝ ապահովել երկու սանհանգույց բնակարանում, ինչը, սակայն, ուղղակի հնարավոր չի լինում իրականացնել։
19 հազար բազմաբնակարաններից 23 տոկոսը պանելային շենքեր են։ Դրանք Սպիտակի երկրաշարժի ժամանակ վնասվածության մեծ աստիճան են ունեցել։ Ռենովացիայի հայեցակարգը մշակվում է՝ այս հանգամանքները հաշվի առնելով, որն իրենից ներկայացնում է տեխնիկական, քաղաքաշինական, իրավական ու ֆինանսական համակարգ։ Այն կառուցված է այնպես, որպեսզի ձեռնտու լինի և պետությանը, և քաղաքացուն, և կառուցապատողին, իսկ ամենակարևորը այն է, որ նվազագույն պետական ներդրում կկատարվի։