
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խախտումներ են արձանագրվել
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ժամանակ մի շարք խախտումներ է գրանցել։ Հաղորդագրության համաձայն՝ խախտվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանների և իրավունքների ապահովման հիմնարար պահանջները: Քրեակատարողական ծառայողները որոշ դեպքերում աջակցել են հիմնարկի ներսում կատարված իրավախախտումներին, այդ թվում՝ հանցագործությունների դեպքերը թաքցնելուն։ Նրանք հորդորել և համոզել են ազատությունից զրկված անձանց չբարձրաձայնել բանտի ներսում եղած խնդիրները։ Քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճ նախատեսված է եղել միայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են եղել դրանից օգտվելու հնարավորությունից։ Բացի այդ՝
— քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չի եղել ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ, որոշ խցերում չեն եղել սեղաններ, տեսանկարհանող սարքեր,
— ազատությունից զրկված մի շարք անձինք մինչև մի քանի տարի ժամկետով պահվել են մեկուսի, ինչը խախտում է օրենսդրությունը։ Որպես պատժամիջոց՝ բանտարկյալները տեղափոխվել են նաև առանձնասենյակներ և քնել բետոնե հատակներին,
— նախնական բժշկական զննության մատյանը լրացվել է ջնջումներով, ուղղումներով ու բացթողումներով,արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև արձանագրվել են շտապօգնությունից օգտվելու անհնարինության դեպքեր
— ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց ընդհանուր քանակակազմից առանձնացվել են որոշակի կատեգորիայի անձինք, որոնց նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում ինչպես վերաբերմունքի, այնպես էլ իրավունքների իրացման ապահովման տեսանկյունից, այդ թվում՝ արգելված է եղել օգտվել ընդհանուր խմբաքանակի օգտագործման համար նախատեսված գույքից, մարզասրահից, դասասենյակներից, տեսակցության սենյակներից,
Արձանագրվել են խնդիրներ նաև զբոսանքի ապահովման հետ կապված. մասնավորապես, զբոսախցերը տեղակայված են եղել հիմնարկի տանիքում և երկրորդ հարկում, ինչը դրանց հասանելիության հետ կապված անհաղթահարելի դժվարություններ է առաջացրել տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, բացակայել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները,
Խախտվել են նաև նրանց աշխատանքի, բժշկական օգնությունից և այլ՝ օրենսդրությամբ սահմանված իրավունքներ։