Երևանում կստեղծվի երթևեկության կառավարման կենտրոն
Երևանի ավագանին այսօր քննարկեց, ապա նաև ընդունեց նոր մարմին ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը նախատեսում է ձևավորել Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը։ Նախաձեռնությունն ավագանու նիստում ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը նշեց, որ մայրաքաղաքում մարդատար ավտոմեքենաների թիվը շարունակաբար աճում է, և դրա հետևանքով երթևեկությունը դառնում է լուրջ մարտահրավեր քաղաքային իշխանության համար։ Նրա խոսքով՝ խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից, թվային ու տեխնոլոգիական գործիքակազմ։
Նրա ներկայացմամբ՝ 2026 թվականի համար նախանշված են երկու հիմնական ուղղություն՝ հանրային տրանսպորտի դիսպետչերիզացիայի համակարգի ներդրում և երթևեկության համապարփակ կառավարում։ Ավագանու քննարկմանը մոտ օրերին կներկայացվի նաև «Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարման նախագիծը, որը ևս մի քայլ է դեպի համակարգի վերակառուցում։
Նիստի ընթացքում նախաձեռնությունը արժանացավ մեծամասնության աջակցությանը՝ 37 կողմ, 2 դեմ քվեարկությամբ։
