
Նպաստի չափը կարող է կազմել մինչև 55,000 դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ասուլիսում անդրադարձել է նպաստի չափերին։ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման դեպքում նպաստի չափը կհասնի 55,000 դրամի։ Այն շահառուները, որոնք կհրաժարվեն առաջարկվող աշխատանքից, դուրս կմնան համակարգից։
Նախարարը հայտնել է, որ անապահովության գնահատման դիմումները ընկալելու են որպես աշխատանքի անցնելու հայտադիմում և սկսելու են նրանց առաջարկել աշխատանք։
Մկրտչյանի խոսքով՝ որպես ցուցիչ վերցրել են անապահովության սահմանային շեմը, որն այս պահին 34,581 դրամ է։ Ընտանեկան և սոցիալական նպաստների փոխարեն ներդրվելու է անապահովության նպաստ։ Այդ նպաստը ստանալու այն մարդիկ, ովքեր անապահով են համարվում 4 աստիճանի աղքատության ցուցիչով՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով, անապահով։ Գործող համակարգում նպաստի միջին չափը 33,350 դրամ է, նոր համակարգում միջին չափը կբարձրանա՝ կազմելով 49,330 դրամ։
Նպաստի չափը լրացուցիչ կավելանա 5900 դրամով, քանի որ անկանխիկ վճարումներից հետվերադարձ է լինելու։ Այսինքն՝ միջին նպաստը կարող է կազմել մինչև 55,000 դրամ։ Վերջին տվյալներով, ըստ Նարեկ Մկրտչյանի, նպաստառու ընտանիքների թիվը կազմում է 30 հազար։