
Հայկ Մարությանը բողոքի ակցիա է անցկացրել․ նա անընդունելի է համարում մեկ ուղևորության գինը 100 դրամից թանկացնելը
Երևանի հասարակական տրանսպորտը փետրվարի 1-ից նոր սակագներով կգործի։ 2024 թվականի նոյեմբերի 5-ից Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը բողոքի ակցիաներ անցկացրեց։ Նա դեմ էր մեկ ուղևորության համար 100 դրամ սակագինը թանկացնելուն (նոր սակագնով այն կդառնա 300 դրամ)։ Հայկ Մարությանը ստորագրահավաք անցկացրեց։ Բողոքին միացավ շուրջ 76․000 քաղաքացի։
Նոր սակագները Մարությանը անընդունելի է համարում ժողովրդի համար և նշում, որ պետք է պայքարեն, կանգ չառնեն, որովհետև, ըստ Մարությանի, «սրանք իրոք անհավանական պայմաններ են մարդկանց համար»։
Նա նշեց, որ բոյկոտի ձևերից մեկը կարող է լինել այն, որ ուսանողները կարող են դասադուլ անել, մարդիկ կարող են գործադուլ անել։ Մյուս տարբերակը տրանսպորտից ընդհանրապես չօգտվելն է կամ 100 դրամ վճարելն ու առաջ անցնելը։ Նրա խոսքով՝ եթե մարդիկ համատարած բողոքեն, քաղաքային իշխանություններին այլ բան չի մնա, քան իրենց որոշումից հետ կանգնելը։
Մարությանը նաև հայտնեց, որ Երևանի ավագանու որոշման նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է պահպանել բոլոր այն փաթեթները, որոնք առաջարկվում են, սակայն դրան ավելանում է ևս մեկ կետ, որ մեկ ուղևորությունը լինի 100 դրամ։
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանին կոչ արեց հրապարակել, թե հունվարի 1-ից քանի մարդ է գնել միասնական տոմսային նոր համակարգով առաջարկվող փաթեթներից որևէ մեկն այն պայմաններում, երբ գործում է նաև մեկ ուղևորության համար 100 դրամ սակագինը։