
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի նոր ծրագիր է ներդրվում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի նոր ծրագիր, որն ուղղված է բռնությունը կանխելուն և մեղմելուն։ Ռեաբիլիտացիան այն գործընթացն է, երբ վերականգնվում է անձի ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական կամ մասնագիտական կարողությունները՝ նրան հնարավորություն տալով վերադառնալ սովորական կյանքին և լիարժեք մասնակցել հասարակական գործունեությանը:
Ծրագրի շրջանակում ընտանեկան բռնություն գործադրած անձանց կտրամադրվի հոգեբանական և սոցիալական աջակցություն, ինչպես նաևնրանք օգնություն կստանան ձերբազատվել այնպիսի վնասակար սովորույթներից, ինչպիսիք են ալկոհոլամոլությունը, թմրամոլությունը, խաղամոլությունը։ Ծրագիրը կիրականացվի պետական դրամաշնորհային հիմունքներով, և դրան կմասնակցեն վերապատրաստված սոցիալական աշխատողներ, հոգեբաններ ու իրավաբաններ։
Ռեաբիլիտացիոն գործընթացը ներառում է անհատական և խմբային աշխատանքներ, որոնք կազմված են տարբեր կրթական և աջակցության մոդուլներից։ Դրանց թվում են հուզական հավասարակշռության զարգացում, զայրույթի կառավարում, արդյունավետ հաղորդակցություն, ծնողական հմտությունների զարգացում և առողջ հարաբերությունների պլանավորում։
Եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում կամ պրոբացիայի շահառու է, ապա համապատասխան ծրագրերն իրականացվում են քրեակատարողական հիմնարկի կամ պրոբացիայի ծառայության կողմից։
Բացի այդ, նախատեսվում է համագործակցություն առողջապահական ու սոցիալական այլ կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն կտա ապահովել անձանց համակողմանի աջակցություն։ Ծրագրի արդյունավետության մշտադիտարկումը կիրականացվի նախարարության կողմից։