ՀայաստանՍոցիալական

2025 թվականին ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կկառուցվի

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց, որ ոստիկանության համակարգում նախատեսվում է կիբեռլաբորատորիա կառուցել։

Նա նշեց, որ հանցագործությունների կատարման մեթոդաբանության տրանսֆորմացիա է տեղի ունեցել, որը աշխարհի բոլոր պետությունների համար մարտահրավերային է։ Սա է պատճառը, ըստ նախարարի, որ ակտիվացրել են միջազգային գործընկերությունը, որպեսզի կարողանանք տեղեկատվության փոխանակման կամ հանցանք կատարած անձանց շղթայի բացահայտման առումով ավելի լավ դիրքեր ապահովել։

Նախարարը հայտնեց, որ առաջիկայում Եվրոպոլում կկայանա կապի սպայի նշանակում, որի հիմնական ուղղություններից մեկը կլինի կիբեռհանցագործությունների դեմ պայքարը։ Սարգսյանը հավելեց, որ առաջիկա տարվա ընթացքում գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կառուցելու Հայաստանի նախաձեռնությանը:

Նախարարը հույս ունի, որ 2025-ին կկարողանան այս լաբորատորիան ունենալ համակարգում և համացանցային տիրույթում շատ ավելի արդյունավետ ու օպերատիվ գործել։