Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ բարձրացնելով «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին» և այլ գրություններով պաստառներ։ Մասնակիցները ձեռքերում են պահել նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների լուսանկարները՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով նրանց ազատ արձակել։ Ակցիային միացել են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է, որ, իրենց գնահատականով, որոշ մարդիկ պարզաբանումների և քննությունների փոխարեն ենթարկվում են կալանքի, ինչը, ըստ նրա, հակասում է ժողովրդավարական սկզբունքներին։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ, իրենց տվյալներով, Հայաստանում կա ավելի քան 30 անձ, որոնց նրանք համարում են քաղբանտարկյալ՝ ընդգծելով, որ տարբեր գործերում ազատությունից զրկված են նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ բողոքի ակցիան կազմակերպվել է դատախազության դիմաց, քանի որ այդ մարմինը, Սահմանադրության համաձայն, պատասխանատու է քրեական հետապնդման և պատժի կիրառման օրինականության վերահսկման համար։ Նա տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրվել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին», որի շրջանակում նոյեմբերի 26-ին նախատեսվում են լսումներ միջազգային կառույցների մասնակցությամբ։ Հրավեր է ուղարկվել նաև գլխավոր դատախազին։
Ակցիան շարունակվել է երթով դեպի Շենգավիթի շրջանային դատարան, որտեղ այս պահին ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը։
