
Վթարային շենքի բնակիչները վերաբնակեցվել են
Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 և 10/1 շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է: Նրանք ստացել են բնակարանների գնման վկայագրեր կամ նոր բնակարաններ՝ առկա բնակարանային ֆոնդից:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։
Նշված շենքերում մնացել են 5 ընտանիք, որոնք չեն համաձայնել մեր կողմից ներկայացված համապատասխան օրենքի պահանջներին և ներկայացրել են ոչ իրատեսական պահանջներ։ Բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքում որևէ լուծում չգտնելու հետևանքով վերջիններիս տվյալները ներկայացվել են Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ՝ նշված տարածքը որպես իրացման գոտի ճանաչելու նպատակով։
Արցախի փողոցի վթարային շենքերի բնակիչների վերաբնակդեցման հարցը քննարկվում էր դեռ 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ՝ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքում բնակվում է 85 ընտանիք: Առաջարկվել էր վերաբնակեցումն իրականացնել երկու փուլով: Առկա բնակարանային ֆոնդից առաջին հերթին պետք է օգտվեին մանկահասակ երեխա ունեցող ընտանիքներն ու հաշմանդամություն ունեցողները, հետո արդեն մյուս ընտանիքները՝ ըստ վիճակահանության: