
Ապահովագրավճարների միջին չափը կազմել է մոտ 40 հազար դրամ
Ապահովագրավճարների միջին չափը 2024-ի նոյեմբերի տվյալներով կազմել է մոտ 40 հազար դրամ։ Սրա մասին հայտնել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Նա նշել է, որ գույքային հատուցումների միջին չափն ավելացել է 12․5 տոկոսով։ Ապահովագրավճարների ավելացման պատճառներն էլ կապված են ընկերությունների կողմից տարբեր գործոնների հիման վրա սակագին սահմանելու հետ։ 2023 թվականի առաջին 11 ամսվա համեմատ այդ թիվն աճել է մոտ 5-6 տոկոսով։
Ապահովագրական ընկերությունների վնասով աշխատելու խնդիրը ևս շոշափվել է զրույցում։ Եղիազարյանը հիշեցրել է, որ ոլորտի սկզբնական փուլում ընկերությունները հաճախորդներին գրավելու նպատակով առաջարկում էին ցածր սակագներ։ Ապահովագրական ընկերությունները իրենց ստացած վճարների 81․5 տոկոսը հատկացրել են հատուցումների համար, մնացած գումարը՝ հարկերին, աշխատավարձերին և գործառնական ծախսերին։
Եղիազարյանը անդրադարձել է նաև վնասի շեմի բարձրացման թեմային։ Նախկինում մինչև 200 հազար դրամը դարձել է 400 հազար դրամ։ Սա, ըստ նրա, թույլ է տվել համաձայնագրերի կնքման ցուցանիշն ավելացնել մոտ 4 տոկոսով։
Դրա նպատակն այն էր, որ պատահարների հետևանքով առաջացած խցանումները մի քիչ կրճատվեն։ Այդուհանդերձ, միայն դրանով դժվար է հասնել կրճատման։ Այդ ուղղությամբ մենք անցած տարի բազմաթիվ այլ քայլեր ենք ձեռնարկել, ոստիկանության հետ տարբեր քննարկումներ են եղել, որպեսզի պատահարների դեպքում, մասնավորապես, հնարավորինս օգտագործվեն խաչմերուկների տեսանկարահանող սարքերը։ Այսինքն՝ դրա առկայության դեպքում մարդիկ կարող են զանգահարել ոստիկանություն, տեղեկացնել պատահարի մասին և, եթե այդտեղ կա սարքը, կարելի է մի կողմ տանել վթարված մեքենաները, որից հետո ոստիկանը կգա ու կգրանցի։ Հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում։