ՀայաստանՍոցիալական

Երևանի մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր սերնդի գրասենյակներ

Երևանի երկու ամենաբանուկ առևտրի կենտրոններում` մոլերում, շուտով կտեղադրվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ։ Դրանք համալրված կլինեն կենսաչափական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքավորումներով, կունենան մանկական խաղասրահ և կգործեն միջազգային սպասարկման ստանդարտներով։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը խզում է հին անձնագրային համակարգի էջը՝ քաղաքացուն առաջարկելով ավելի արագ, որակյալ և հարմար ծառայություններ։

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ են ծավալուն շինարարական աշխատանքներ։ Մասնավոր գործընկեր HayPass-ի ներկայացրած 13 նոր գրասենյակների նախագծերը արդեն հաստատվել են, ևս 10-ը գտնվում են ընտրության փուլում։

Նորացվում է նաև վարչական շենքը, որը վերածվելու է միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների կենտրոնի։ Այստեղ իրականացվելու են անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման և տպագրման գործընթացները։ Շենքը ամբողջությամբ կվերանորոգվի, կկահավորվի ու կվերազինվի՝ ապահովելով 24-ժամյա ՏՏ մոնիթորինգ։