
Անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը հաստատեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է մինչև 18 տարեկան անձանց համար էներգետիկ ըմպելիքների վաճառքի արգելք և գովազդի սահմանափակում։
Օրենքի նպատակն է պաշտպանել դեռահասների առողջությունը՝ ելնելով առողջապահության նախարարության տվյալներից, ըստ որոնց՝ դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց վրա։
Օրենքի հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանը նշել է, որ առաջարկի անհրաժեշտությունը պայմանավորված է հանրության շրջանում այդ հարցի շուրջ բարձրացած անհանգստությամբ: Ըստ պատգամավորի՝ մի շարք երկրներ արդեն իսկ ձեռնարկել են նման սահմանափակումներ։ Այդ երկրների շարքում են Լատվիան, Լիտվան, Ղազախստանը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը, Լեհաստանը և այլն։
Նախագծով նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն սահմանել օրենքի պահանջները խախտողների համար։
Օրենսդրական փաթեթը ԱԺ-ում քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա և ստացել դրական եզրակացություն։