Հայաստանում ջրի սակագինը 2026 թվականին չի փոխվի
Հայաստանում ջրի սակագները 2026 թվականին կմնան անփոփոխ։ Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հերթական նիստում։
ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ առանցքային ցուցանիշներում՝ ջրի սպառման ծավալում և էլեկտրաէներգիայի սակագններում, էական փոփոխություններ չեն արձանագրվել․ դրանք 0,5 տոկոսի շեմը չեն հատել։ Այդ պատճառով հանձնաժողովը որոշել է ջրի սակագինը թողնել նույն մակարդակում։
Անապահով ընտանիքների համար մեկ խորանարդ մետր ջրի սակագինը կմնա 180 դրամ, իսկ մյուս սպառողների և տնտեսվարողների համար՝ 200.42 դրամ։
Հայաստանի ջրամատակարարումը իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ ֆրանսիական «Veolia»-ի դուստր ձեռնարկությունը, 2017 թվականից 15-ամյա կոնցեսիոն պայմանագրի շրջանակում ղեկավարում է երկրի ջրամատակարարման և կոյուղու համակարգերը Երևանում և Հայաստանի ողջ տարածքում։
Նշենք, որ Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից է սպառողների համար փոփոխվել ջրի սակագինը։ Նախկին 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարիների համար սահմանվել էր 200 դրամ, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը չէր փոխվել։
