Գյումրիում բացվել է համայնքի առաջին «ներառականության պատը»
Գյումրիում բացվել է համայնքի առաջին «ներառականության պատը», որը բաղկացած է 70 կերամիկական սալիկներից։ Դրանց վրա տեղ են գտել հավասարության, մարդու իրավունքների և ներառականության մասին արտահայտություններ ու կոչեր։ Նախաձեռնությունը իրականացնել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոնը։
Սալիկները պատին ամրացվել են ինչպես հաշմանդամություն ունեցող մարդկանց, այնպես էլ պետական կառավարման, կրթության, մշակույթի և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ խորհրդանշելով բոլորի միացյալ պատրաստակամությունը զարգացնելու ներառականությունն ու հավասար հնարավորությունները։
Կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը նշեց, որ պատի տեղադրման վայրը պատահական չէ․
Ներառականությունը պետք է լինի ամեն համայնքում, ոչ միայն քաղաքի կենտրոնում։ Այս պատը ոչ միայն ներառականության մասին է, այլ նաև ուրախության, ստեղծագործության և կյանքի հանդեպ թեթև ու հուսալի վերաբերմունքի մասին։ Մեր յուրաքանչյուր սալիկ փոխանցում է արժեք, սկզբունք և խոստում։
Պատը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, իսկ որոշ սալիկներ պարունակում են արտահայտություններ ժեստերի լեզվով։ Գերմանիայից, Վրաստանից և Մոլդովայից ժամանած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս տեղադրել են մեկական սալիկ՝ տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման շրջանակում։
«Միասին հանուն ներառականության» ծրագրով Վրաստանում և Մոլդովայում ևս նախատեսվում է իրականացնել նմանատիպ նախաձեռնություններ։
