
Արցախից բռնի տեղահանված 502 ընտանիք ստացել է հավաստագիր
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունցը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվելիք փոփոխությունների նախագիծը։ Աջակցությունների շրջանակներում արդեն իսկ տրամադրվել է 502 հավաստագիր, որոնցից 434-ը՝ առաջին բաղադրիչով, 24-ը՝ երկրորդ, 44-ը՝ երրորդ։ Բացի այդ, շուրջ 20 հավաստագիր գտնվում է հիփոթեքային վարկավորման փուլում, որոնցից 5-ը արդեն հաջողությամբ ավարտվել է։
— Առաջին բաղադրիչը ներառում է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու հավաստագրի տրամադրում։
— Երկրորդ բաղադրիչը ներառում է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում։
— Երրորդ բաղադրիչը ներառում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում կատարվել են էական փոփոխություններ։ Առավել կարևոր փոփոխություններից մեկը 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկի ընդլայնումն է. նախկին 148-ի փոխարեն ցանկում ներառվել է 443 բնակավայր՝ ընդգրկելով 39 համայնք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնել էին, որ բռնի տեղահանվածներին սոցիալական տարբեր աջակցություններով պայմանավորված տրամադրվել է շուրջ 89 մլրդ 370 մլն դրամ։