
Կներդրվի ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման թվայնացված միասնական համակարգ
Հունվարի 24-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը։ Այն նախատեսված է ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպքի, դրա ընթացքի, բռնության ենթարկված անձին մատուցված ծառայությունների վերաբերյալ ամբողջական ու համապարփակ տվյալների հավաքագրման համար, որը կօգնի կանխարգելել, ավելի արագ արձագանքել տվյալ դեպքերում։
Այսօրինակ համակարգերը հնարավորություն են տալիս պետական մարմիններին մշակել փաստարկված և տվյալների վրա հիմնված քաղաքականություններ՝ ուղղված ընտանիքում բռնության կանխարգելմանը և հաղթահարմանը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության միջոցների արդիականացմանն ու բարելավմանն ու վերջապես հանրության իրազեկվածության բարձրացմանը։ Համակարգի առկայությունը կարևոր է նաև բռնության դեպքերի դինամիկան վերահսկելու, կրկնվող դեպքերն ու ռիսկային գործոնները վերհանելու և համապատասխան կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համատեքստում, — նշել է նախարար Մկրտչյանը։
Համակարգն աշխատելու է հունվարի 18-ին կառավարության կայացրած որոշման հիման վրա։ Տեղեկատվությունը հավաքագրվելու է մի շարք պետական կառույցներից և հասարակական կազմակերպություններից։ Համակարգ տվյալներ են մուտքագրելու Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը, Դատական դեպարտամենտը, աջակցության կենտրոնները և ապաստարանները։ Անհրաժեշտության դեպքում, տեղեկություններ կարող են մուտքագրել նաև այլ գերատեսչություններ, օրինակ՝ Առողջապահության նախարարությունը։
Համակարգը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Նման համակարգեր գործում են աշխարհի մի շարք զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Շվեդիայում և այլուր։