
Հայաստանում 1 մլն 87,868 անձ ունի վավեր նույնականացման քարտ
Հունվարի 22-ի դրությամբ Հայաստանում 1 մլն 87,868 անձ ունի վավեր նույնականացման քարտ: Սրա մասին հայտնել են Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Նույնականացման քարտ ստանալը կամավոր է և հասանելի է 16 տարին լրանալուց հետո։ Գերատեսչությունը չունի տվյալներ, թե վավեր նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներից քանիսն են գրանցված որպես աշխատող։ Գրանցված աշխատողների համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է՝ իրենց եկամուտների հայտարարագիր ՊԵԿ ներկայացնելու համար։
Նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջի թեման քննարկվել է Ազգային ժողովում։ Սա վերաբերում էր հայտարարագրման գործընթացում առկա տեխնիկական խնդիրներին։ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը դժգոհել է նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջից և հորդորել պարզեցնել հայտարագրման պրոցեսը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը պետք է ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե մինչև մայիսի 1-ը։