ՀայաստանՍոցիալական

Հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն

Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Այս մասին հայտնել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Տեղեկություններ են տարածվում, որ նրանք հսկողություն են սահմանելու հասարակության բոյկոտը կանխելու համար։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ հսկողությունը իրականացվելու է երթուղիների հաճախականությունը, արտաքին և ներքին մաքրությունը վերահսկելու, վարորդների պատշաճ հագուստով աշխատանքը ապահովելու, ուղևորների հետ շփվելու կանոնները վերահսկելու և այլնի համար։ Այսինքն՝ նրանք հսկելու են վարորդների աշխատանքը։

Հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ Տելսել հավելվածում պահպանվելու է նաև 10 ուղևորատոմս գնելու հնարավորությունը՝ 1500 դրամ սակագնով։

150 դրամ սակագինը նույնպես քննարկումների առիթ էր դարձել, որովհետև տերմինալները չեն ընդունում 50 դրամանոց մետաղադրամները։ Սակայն քաղաքապետարանը այս հարցի պատասխանն էլ է գտել՝ առաջարկելով վճարել 300 դրամ և ստանալ միաժամանակ երկու տոմս։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարեն150 դրամ: