
Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը կերկարաձգվի
Կառավարությունը նախատեսում է ևս երկու ամիս շարունակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով Արցախի անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը։ Համաձայն նոր որոշման նախագծի՝ աջակցությունը կտրամադրվի 2025 թվականի հունվար և փետրվար ամիսներին՝ ամսական 300 հազար դրամի չափով։ Քաղաքացիները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ:
Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ հաստատված ծրագրով՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում էր մինչ 2024 թվականի դեկտեմբերի 15-ը։ Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, դեռևս կան անհայտ կորածներ, որոնց ընտանիքները շարունակում են կարիք ունենալ պետական աջակցության։
Նախնական հաշվարկներով՝ այս ծրագրից կօգտվեն 11 անհայտ կորած անձանց ընտանիքներ։ Ֆինանսավորումը կտրամադրվի պետական բյուջեից՝ սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցներից։