
Երևանի հանրային տրանսպորտը 1 ուղևորության համար 150 դրամ դարձավ․ որոշումն ընդունվեց լարված իրավիճակում
Երևանի հանրային տրանսպորտի օգտվողները 1 ուղևորության համար փետրվարի 1-ից կվճարեն 150 դրամ։ Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ նման որոշում կայացրեց 33 կողմ ձայներով։
Առաջարկի նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Ըստ նախագծի՝ 2025 թվականի փետրվարի 1-ից մեկ ուղևորությունը կարժենա 150 դրամ և կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Փոխքաղաքապետը նշեց նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիներին հավելյալ ևս մեկ ամիս անվճար կտրվենն փաթեթները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստում նշեց, որ «Երևան ավտոբուսի» ընթացիկ ծախսը մոտավորապես 1 մլրդ 780 մլն դրամ է։
Ուղեվարձի քննարկման ժամանակ նիստերի դահլիճում հրմշտոց սկսվեց ավագանու ընդդիմադիր և ՔՊ-ական անդամների միջև։ Դահլիճ հրավիրվեցին ոստիկանները, դուրս հանեցին «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանին, ապա ընդմիջում հայտարարվեց։ Դահլիճ եկան նաև կարմիրբերետավորները։