ՀայաստանՍոցիալական

Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում կմեկնարկեն կանանց տնտեսական հզորացման նոր ծրագրեր

Հայաստանում կիրականացվեն կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի կողմից։ Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ արքայազն Աբդուլ Ազիզ Բին Թալալը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ նախաձեռնության նպատակն է աջակցել հատկապես գյուղաբնակ կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, բռնի տեղահանվածներին և այլ թիրախային խմբերի համար։

Ծրագրերի շրջանակում կանցկացվեն ձեռնարկատիրական դասընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն կտրամադրվի փոքր բիզնեսների հիմնման համար։ Հատուկ ուշադրություն կդարձվի աշխատաշուկայի հասանելիությանը։ Ստեղծվելու են նոր հնարավորություններ կանանց համար կայուն զբաղվածություն ապահովելու նպատակով։

Արաբական Ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամը (AGFUND) միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերին։ Հիմնադրամը համագործակցում է ավելի քան 450 միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ և գործունեությունը իրականացնում աշխարհի ավելի քան 130 երկրում։ Նրանց աշխատանքները ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը, սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացմանը, կրթության և առողջապահության ոլորտների զարգացմանը, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացմանը։

Հիշեցնենք, որ Աբդուլ Ազիզ Բին Թալալը Հայաստան էր եկել 2024 թվականի նոյեմբերին։ Նա մասնակցել էր «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք» համաժողովին։