ՀայաստանՍոցիալական

Երևանի տրանսպորտի թանկացման հարցը կարող է դրվել հանրաքվեի

Երևանի հասրակական տրանսպորտի գնի թանկացման հարցը կարող է հանրաքվեի դրվել։ Սրա մասին նշել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Նա հավելել է, որ եթե ավագանին հաջորդ նիստում մերժի տրանսպորտի թանկացման դեմ իրենց նախագիծը, որի տակ կա 17,000 ստորագրություն, ապա հարցը կդրվի հանրաքվեի։

Թևանյանի կարծիքով՝ գործող իշխանությունն ունի 8-10 տոկոս աջակցություն մայրաքաղաքում, մինչդեռ քաղաքացիների մեծամասնությունը բոյկոտում է թանկացումը։ Թևանյանը նշել է, որ իրենց պահանջը լեգիտիմ է, քանի որ առկա է 17,000 քաղաքացիների ստորագրություն այն նախագծի տակ, որ ենթադրում է, որ քաղաքային տրանսպորտի գինը չպետք է գերազանցի 100 դրամը, իսկ փաթեթի դեպքում կարող է լինել ավելի մատչելի։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1-ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։