ՀայաստանՍոցիալական

Մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը: Սրա մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։  

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։

Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341,000։ Վերջիններիս ընդհանուր վարկային բեռը կազմում է շուրջ 642 մլրդ դրամ (2023 թվականի ապրիլ ամսին կազմել էր 525 մլրդ)։ Ընդ որում, նրանց մինչև 20%-ն է, որն ունի ֆորմալ զբաղվածություն, մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նրանց 76%-ի աշխատավարձը ամսական 150,000 դրամից ցածր է, իսկ 60%-ինը՝ նվազագույն աշխատավարձից ցածր, իսկ միջին աշխատավարձը՝ շուրջ 145,000։