
Միասնական սոցիալական ծառայությունը կվճարի մայրության նպաստը
Մայրության նպաստի նշանակումն ու վճարումը կապահովի Միասնական սոցիալական ծառայությունը։ Սրա մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Խաչատրյանը մեկնաբանել է առաջարկը, նշելով, որ գործող կարգավորումներով մայրության նպաստը միայն չաշխատող մայրերին է վճարում միասնական սոցիալական ծառայությունը։ Իսկ վարձու աշխատող անձի թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն։
Նա նշել է, որ գործատուի կողմից նշանակված նպաստը ամբողջությամբ փոխհատուցվում է բյուջեի միջոցներից, միայն առաջին 5 օրն է գործատուն վճարում։
Նշվել է, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում չաշխատող անձին մայրության նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել առանց քաղաքացու կողմից տարածքային կենտրոն ներկայանալու եւ փաստաթղթեր ներկայացնելու:
Փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ մինչև սեպտեմբերի 1-ը կապահովվի թվային համակարգը, որն ամբողջությամբ թույլ կտա հարցերը կարգավորել էլեկտրոնային եղանակով: