
Եկամուտների հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանք կսահմանվի
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ համընդհանուր հայտարարագրման հարցի վերաբերյալ քննարկում է ունեցել։ Քննարկման ընթացքում հայտնի է դարձել, որ եկամուտների հայտարարագիր չներկայացնողների նկատմամբ վարչարարություն կգործի։
Մանրամասնելով հայտարարագրման պրոցեսը՝ ՊԵԿ նախագահը ասել է, որ թույլ կտրվի քաղաքացուն երկրորդ անգամ հայտարարագիր լրացնել՝ շտկելու եկամուտները։
Բացի դրանից՝ հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախազգուշացում կլինի, երկրորդի դեպքում՝ տուգանք։ Վարձու աշխատողների ու քաղիրավական պայմանագրով աշխատողների համար տուգանքը կսահմանվի 5000 դրամ, սեփականատերերի համար՝ 50 հազար դրամ։
ՊԵԿ ղեկավարը կրկին հիշեցրել է, որ 2024 թվականի եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը 2025 թվականի նոյեմբերի 1-ն է։
Մենք արդեն նշել էինք, որ վարձու աշխատողների համար եկամուտներն ինքնաշխատ ձևով են լրացվելու։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ 2024 թվականին արդեն 59 հազար քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր, իսկ այս տարվա ընթացքում՝ 4451 քաղաքացի։ Առողջապահության և կրթության ոլորտում սոցիալական կրեդիտներից կամ սոցիալական ծախսերից 2024 թվականին օգտվել է 3732 քաղաքացի, իսկ այս տարի՝ արդեն 825 քաղաքացի։