ՀայաստանՍոցիալական

Երևանի նոր տրանսպորտային համակարգը. խոստումներից մինչև իրականություն

Երևանի հանրային տրանսպորտի նոր համակարգը, որի ներդրումը երկար ժամանակ քննարկվում էր, արդեն ուժի մեջ է մտել։ Չնայած քաղաքապետարանի խոստումներին, թե նոր համակարգը պետք է լինի ավելի հարմարավետ և արդիական, իրականությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները կանգնում են մի շարք խնդիրների առաջ։

ԶԼՄ-ներում կարելի է ամենատարբեր կարծիքներին հանդիպել՝ կապված թանկացումների, բոյկոտի, համակարգի աշխատանքի և այլնի հետ։ Մշտադիտարկում իրականացնելով ավտոբուսներում՝ amnews-ը առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնց հիմնականում բախվում է հասարակությունը, կխոսենք քաղաքապետարանի պարզաբանումների մասին և կհասկանանք, թե նախկինում սահմանված որ ծրագրերն են գործել, որոնք՝ ոչ։

NFC համակարգը չի աշխատում

Փետրվարի 1-ից արդեն ամբողջովին սկսեց աշխատել transport.yerevan.am կայքը, որը նախատեսված էր տրանսպորտային փաթեթներին և արտոնություններին ծանոթանալու և քարտ գնելու համար։ Տրանսպորտային քարտը հավելվածի միջոցով գնելիս երկու հնարավորություն է տալիս՝ կա՛մ լիցքավորել արդեն գոյություն ունեցող քարտը, կա՛մ նոր քարտ ակտիվացնել։ Վերջին դեպքում քաղաքացիները պետք է նշեն իրենց անհպում քարտի տվյալները՝ վճարումները NFC-ի միջոցով իրականացնելու համար։ Սակայն այս համակարգը դեռ չի աշխատում։

Մենք փորձեցինք փնտրել ինֆորմացիա քաղաքապետարանի աշխատակցի արած հայտարարության վերաբերյալ, բայց այդպես էլ ոչ մի տեղեկություն չգտանք։ Այնուամենայնիվ եթե ավտոբուսներում հնարավոր է քաղաքապետարանի աշխատակցի խորհուրդ տվածը իրականացնել, ապա մետրոյում փաթեթ գնած քաղաքացիները ստիպված են լինում հավելյալ նոր տոմս գնել։ Այսինքն՝ որոշ քաղաքացիներ ստիպված են լինում այլընտրանքային լուծումներ փնտրել, որոշներն էլ ընդհանրապես չեն վճարում։

QR կոդերն ու Telcell համակարգը առանց խափանումների չեն աշխատում

QR կոդերի, Telcell համակարգի թերությունների մասին միշտ խոսվել է։ Այստեղ մի քանի օրինակներ կարելի է բերել․

1․ քաղաքացիները գնում են տրանսպորտային տոմսը և անխափան վճարում իրականացնում,

2․ նոր գնված տոմսերը չեն աշխատում,

3․ հին և մեկ կամ մի քանի անգամ օգտագործված տոմսերը շարունակում են աշխատել,

Համակարգի անկատարությունից որոշ քաղաքացիներ օգտվում են, որոշներն էլ՝ տուժում։

Որոշ քաղաքացիներ տարբեր QR-ներ ձեռք բերելով հագուստի խանութներում, կամ տրանսպորտի համար գնված նախկին QR տոմսերը պահելով՝ դրանք օգտագործում են ավտոբուսներում։ Երբ վալիդատորը մերժում է, քաղաքացիները չվճարելով առաջ են անցնում։ Օրեր առաջ նման դեպքի մասին տեղեկություն էր տարածել նաև Երևանի քաղաքապետարանը՝ հրապարակելով արագ սննդի կետերից ձեռք բերված QR-ների լուսանկարներ, որոնցով քաղաքացիները փորձել են մուտք գործել հանրային տրանսպորտ։

Նոր գնված տոմսերը երբեմն չեն աշխատում

Որոշ դեպքերում էլ նոր գնված տոմսերը վալիդատորները չեն ճանաչում։ Քաղաքացիները ստիպված են լինում նոր տոմս գնել։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ ընթանում․ բանկային քարտերով վճարումներ իրականացնելիս բախվում են մեկ այլ խնդրի․ վալիդատորը մերժում է իրենց վճարումը։ Մի քանի անգամ քարտը մոտեցնելուց հետո էլ արդեն քարտից ոչ թե մեկ տոմսի արժեքն է վճարվում, այլ նաև մերժված։ Այսինքն՝ երբ քաղաքացին իր բանկային քարտը մոտեցնում է վալիդատորին՝ մեկ անգամյա 150 դրամանոց տոմս գնելու համար և իր վճարումը մերժվում է, այնուամենայնիվ քարտից գումար գանձվում է։ Երևանի քաղաքապետարանն էլ հայտարարել էր, որ կուսումնասիրվեն տրանսպորտից օգտվելիս բանկային քարտից հավելյալ միջոցներ քաշելու դեպքերը հասկանալ և պարզել, թե որն է խնդիրը։

Սակայն քաղաքացիները ժխտում են այդ վարկածը։

Փետրվարի 1-ից նաև հսկիչներ պետք է լինեին հանրային տրանսպորտում, սակայն մինչև այսօր նրանք դեռ չկան։ Քաղաքապետարանն էլ պարզաբանումներ չի տալիս։ Տեղեկություններ էին տարածվել, որ նրանք ավտոբուսներում տեղեկայվելու են՝ բողոքի ակցիաների դեմ պայքարելու համար, սակայն ավելի ուշ քաղաքապետարանից հայտնեցին, որ նրանք հետևելու են վարորդների աշխատանքին։

Նշենք նաև, որ տրանսպորտում քաղաքացիների բոյկոտը շարունակվում է։ Հասարակությունը բաժանվում է երկու խմբի՝ նրանք, ովքեր վճարում են 150 դրամ կամ գնել են տոմսային փաթեթ, նրանք, ովքեր բոյկոտում են տրանսպորտի թանկացումները՝ պահանջելով հետ բերել նաև 100 դրամ վճարելու հնարավորությունը։ Երկու խմբերի միջև բախումներն էլ արդեն սովորական են դարձել վարորդների համար։

Չնայած հասարակական տրանսպորտի քանակի ավելացմանը, բնակիչները շարունակում են դժգոհել նաև օրվա պիկ ժամերին ավտոբուսների գերծանրաբեռնվածությունից և ժամանման միջակայքերից։ Քաղաքապետարանը որոշել էր գծեր առանձնացնել հանրային տրանսպորտի համար, այնուամենայնիվ, դրանք նույնպես չկան։

Այս բոլոր խնդիրներից կարելի է եզրակացնել, որ համակարգը դեռ անկատար էր ու թերություններով լի։ Թեև համակարգի բարեփոխումները դեռևս ավարտված չեն, ակնհայտ է, որ այս փուլում այն չի կարող ապահովել նախապես հայտարարված ամբողջական արդյունավետությունը։ Կկարողանա՞ արդյոք նոր համակարգը հաղթահարել այս փորձությունը և իրականում ծառայել երևանցիներին, ցույց կտա ժամանակը։