Հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։
Հիշեցնենք, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական ծախսերի փոխհատուցումից, որոնք այդ տարվա ընթացքում կատարվել են առողջապահության կամ կրթական ուղղություններով՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների համար։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Այսինքն՝ քաղաքացիները չեն կարող միաժամանակ դիմել և՛ կրթության, և՛ առողջության փոխհատուցումից։
Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից վերցնել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և այլն)։
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, նույն համակարգի միջոցով, պետք է ներկայացնել նաև դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։
