ՀայաստանՍոցիալական

30 օրը փոխարինելով 45-ի․ Երևանի հասարակական տրանսպորտում փոփոխություններ չկան

Երևանի ավագանին փետրվարի 11-ի նիստի ընթացքում մերժեց «Մայր Հայաստանի» առաջարկած նախագիծը, որով Երևանի հասարակական տրանսպորտի մեկ ուղևորությունն առաջարկվում էր 150 դրամից դարձնել 100 դրամ, ինչպես նախկինում։ Չնայած նախագիծը չընդունվեց, բայց ավագանին փոփոխություններ կատարեց։ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ 30-օրյա ժամկետով 10-անգամյա ուղևորությունը կդառնա 45-օրյա։

Ավագանու նոր փոփոխությամբ, 10-անգամյա ուղևորության օգտագործման ժամկետը 30 օրից 45 օրվա փոխարինելով, հասարակական տրանսպորտից օգտվողների համար ոչինչ չի փոխվում։ Պարզաբանենք իրավիճակը։ Ուսանողը գնել է 10-անգամյա ուղևորության փաթեթ, եթե նա ուսումնական հաստատություն հասնելու համար օգտվում է մեկ տրանսպորտային տեսակից, ապա մեկ օրվա ընթացքում օգտվելու է 2 անգամ։ Ստացվում է՝ 10-անգամյա ուղևորության փաթեթը հնարավոր է օգտագործել ընդամենը 5 օր։ Ժամկետի երկարացումը գնի վրա ազդեցություն չի ունենում։

Հասարակական տրանսպորտի փաթեթներ գնելիս դեռևս կան խնդիրներ։ Օրինակ, «Telcell» վճարային համակարգը ոչ միշտ է անխափան աշխատում։ Երբեմն տոմս գնելիս վճարային համակարգը այն մերժված է համարում։

Ավելի վաղ անդրադարձել էինք վճարային համակարգի խնդիրներին։ Որոշ դեպքերում նոր գնված տոմսերը վալիդատորները չեն ճանաչում։ Քաղաքացիները ստիպված են լինում նոր տոմս գնել։ Սակայն այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ ընթանում․ բանկային քարտերով վճարումներ իրականացնելիս բախվում են մեկ այլ խնդրի․ վալիդատորը մերժում է իրենց վճարումը։ Մի քանի անգամ քարտը մոտեցնելուց հետո էլ արդեն քարտից ոչ թե մեկ տոմսի արժեքն է վճարվում, այլ նաև մերժված։ Այսինքն՝ երբ քաղաքացին իր բանկային քարտը մոտեցնում է վալիդատորին՝ մեկ անգամյա 150 դրամանոց տոմս գնելու համար և իր վճարումը մերժվում է, այնուամենայնիվ քարտից գումար գանձվում է։ Երևանի քաղաքապետարանն էլ հայտարարել էր, որ կուսումնասիրվեն տրանսպորտից օգտվելիս բանկային քարտից հավելյալ միջոցներ քաշելու դեպքերը հասկանալ և պարզել, թե որն է խնդիրը։

Մեկ ուղևորության սակագինը 150 դրամ դարձնելուց հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ ավտոբուսներում կլինեն հսկիչներ, սակայն ավտոբուսներում մինչ այսօր չկան հսկիչներ։