
Հայաստանի բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգ կներդրվի
Կառավարության փետրվարի 13-ի նիստում հաստատվել է աղբահանության նոր համակարգի ներդրման մասին նախագիծը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 2025-2032 թվականների ընթացքում թափոնների տեսակավորման և առանձին հավաքման մեխանիզմներ ներդնել․ ձևավորել թափոնների ընդունման կետեր, ապահովել թափոնների հոսքը վերամշակման արտադրություններ։ Մասնավորապես՝
1․ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրումից հետո ձևավորել թափոնների ընդունման կետեր և ապահովել թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ․
2․ իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ Հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման գոտիավորված Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական տարածքները։ Դրան համապատասխան իրականացնել ներդրումային ծրագիր և յուրաքանչյուր գոտու համար ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի կայաններ կառուցել՝ վերամշակման համար բոլոր հնարավոր պայմանները ստեղծելով։
Ծրագրի հիմնավորման մեջ նշվում է, որ այն իրականացվում է քաղաքացիների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցնելու, օդի որակը և կենցաղային ու այլ թափոնները կառավարելու, վնասակար նյութերի արտազատումը մթնոլորտի, ջրի և հողի մեջ նվազեցնելու և այլ նպատակներով։
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2021 թվականին հաստատել էր աղբահանության համակարգի ռազմավարությունը, որի նպատակը Հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգի ներդրումն էր։