ՀայաստանՍոցիալական

Հաշվառման-քննական ծառայությունների վարչությունը համալրվել է մեքենաներով 

Հաշվառման-քննական բաժինները համալրվել են հինգ տրանսպորտային միջոցներով։ Մեքենաներից չորսը տրամադրվելու է Երևանի հաշվառման-քննական բաժնին, իսկ մեկը՝ Արտաշատի հաշվառման-քննական բաժնին։ Այս մասին հայտարարել է հաշվառման-քննական ծառայությունների  վարչության պետ Արարատ Թևոսյանը։ 

Տրանսպորտային միջոցների համալրման նպատակը գործնական քննության հերթերի նվազեցումն է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։ Համալրումը թույլ կտա ավելացնել մեկ օրվա ընթացքում քննությունների քանակը, ինչը կնպաստի մնացած քաղաքացիների՝ հերթում սպասելու ժամանակի կրճատմանը։ 

Մեքենաներից երեքը ավտոմատ փոխանցման տուփով են աշխատում, երկուսը՝ մեխանիկական։ Մեքենաները կահավորվել են ոտնակներով։ Հետագայում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր։ 

Հիշեցնենք, որ համակարգում արդեն մի շարք փոփոխություններ են իրականացվել։ Քաղաքացիները այժմ կարող են վարորդական վկայականի քննության համար իրենց հարմար օրը գրանցվել կամ փոխել։