ՀայաստանՍոցիալական

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանին

«Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը: Սրա մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մասնավորապես գրել է, որ Հայաստանից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է պետությանը:

Այն հիմնվել է 1965 թվականին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։ Խորհրդային Միության փլուզումից հետո ռադիոհեռարձակման նոր կայանին շնորհվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։ 2008-ից ընկերությունը հայտնվել է մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում, սակայն գնորդ չլինելու պատճառով գույքը չէր օտարվում։ 

Միայն 2010-ին դեկտեմբերի 2-ի Կառավարության որոշմամբ «Ռադիո» ՓԲԸ-ն ուղղակի վաճառքի տեսքով մասնավորեցվել է «ԵվրոՊրեսս գրուպ» ՍՊԸ-ին։ Վաճառքի գինը կազմել է ավելի քան 587մլն ՀՀ դրամ։ Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպրեսս գրուպը» վաճառել է «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ին։

2024 թվականի դեկտեմբերին ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: 

Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝

— Հայաատանը և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանը

— Հյուսիսային Կովկասը, ՌԴ հարավային շրջանները

— Ամբողջ Եվրոպան

— Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Փոքր Ասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Կորեան։